Քրիստոնէական առաջին դարում, առաքելական շրջանում, երբ Քրիստոսի աշակերտներն սկսեցին քարոզչական աշխատանքը, իբրեւ օգնականներ, նորադարձ ժողովրդի միջից ընտրեցին եւ ձեռնադրեցին եօթը անձանց, ովքեր կոչւեցին սարկաւագներ եւ ստանձնեցին հաւատացեալների մատակարարման աշխատանքը: Նրանցից ամենայայտնի եւ աչքի ընկնողն էր Ս. Ստեփանոսը, ով արիաբար եւ անվարան քրիստոնէութիւնը քարոզելու պատճառով քարկոծմամբ նահատակւեց հրեաների միջոցով եւ այդպիսով դարձաւ քրիստոնեայ առաջին մարտիրոսը: Ս. Ստեփանոս Նախավկայի յիշատակի տօնը կոչւում է նաեւ սարկաւագաց տօն, որը Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցու անւանակոչութեան տօնն է միաժամանակ:

Երեքշաբթի՝ դեկտեմբերի 24-ին, Ս. Ստեփանոսի տօնի օրը, սուրբ եւ անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում: Արարողութեանը նախագահում էր Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը: Պատարագիչն էր եկեղեցու հովիւ արժն. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը, իսկ Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Ներկայ էին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի եկեղեցիների սարկաւագները, ովքեր արարողութեան ժամանակ, քարոզի պահին, հոգեւոր հայրերի հետ միասին, եկեղեցու բեմ բարձրացան եւ իրենց ձեռքերում լուսաւորւած մոմեր բռնած՝ կանգնեցին Ս. Սեղանի առջեւ եւ միասնաբար երգեցին «Ստեփանոս՝ քաղցրիկ տատրակ» շարականը: Արարողութեանը ներկայ էին նաեւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Սպահանի Հայոց Թեմի Կրօնական Խորհրդի, Ն.Ջ. Հայոց Եկեղեցեաց Վարչութեան անդամներն եւ հաւատացեալ ժողովուրդ:

Յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադառնալով Ս. Ստեփանոս Նախավկայի անձի եւ գործունէութեան մասին, շեշտեց, որ եկեղեցուն եւ եկեղեցու ճամբով հաւատացեալներին ծառայելն ենթադրում է ամուր հաւատ եւ վստահութիւն Քրիստոսի եւ Աստծու հանդէպ, ինչը վառ յատկանիշն էր Ս. Ստեփանոսի, ով նոյնիսկ չվարանեց մահը յանձն առնել՝ իմանալով, որ աւելի մեծ ուրախութիւն է սպասում իրեն: Գերշ. Սրբազան Հայրը յորդորեց սարկաւագներին՝ իրենց կեանքը լիարժէք կերպով ընծայեն ճշմարտութեան քարոզութեանն ու հաւատի պաշտպանութեանը:

Ս. Պատարագի աւարտին բեմ բարձրացաւ հոգեւորականաց դասը եւ առաջնորդ Սրբազան Հօր գլխաւորութեամբ, Ս. Ստեփանոսի աջ-մասունքով կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւն եւ ջուրը բաժանւեց ներկայ հաւատացեալներին:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Ս. Ստեփանոս եկեղեցու սրահում, եկեղեցու բարեզարդման կանանց յանձնախումբը եւ Նոր Ջուղայի Եկեղեցեաց Վարչութիւնը կազմակերպել էին հիւրասիրութիւն: Ընթացքում հերթաբար արտայայտւեցին եւ շնորհաւորանքի ու գնահատանքի խօսքեր արտասանեցին Եկեղեցեաց Վարչութեան ատենապետ պրն. Ղուկաս Ծատուրեանը, Կրօնական Խորհրդի ատենապետ պրն. Արշալոյս Խուդավերդեանը եւ եկեղեցու հովիւ արժն. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը: Արժն. Տէր Հայրը սարկաւագներին եւ նրանց նւիրական ծառայութիւնը դրւատելուց յետոյ, շնորհակալութիւն յայտնեց առաջնորդ Սրբազան Հօրը, հոգշ. Հայր Սուրբին եւ հոգեւորականաց դասին, ովքեր իրենց ներկայութեամբ առաւել եռանդ են հաղորդում հաւատացեալներին՝ իրենց հաւատի մէջ ամուր մնալու համար:

Հիւրասիրութեան ընթացքում, իրենց հաճելի երգերով առաւել ջերմութիւն հաղորդեցին սարկաւագներ Ռազմիկ Գալստանեանն ու Ջանի Ղազարեանը, նաեւ սարկաւագների պատւին երգեցին տկնյք. Ռիթա Մկրտչեանն ու Լիդա Սիմոնը: Ապա գերշ. Սրբազան Հայրը Եկեղեցեաց Վարչութեան միջոցով պատրաստւած նւէրները յանձնեց սարկաւագներին:

Առաջնորդ Սրբազան Հայրը, ծրագիրը փակեց գեղեցիկ բարեմաղթանքով եւ ջերմ շնորհաւորանքներով՝ արեւշատութիւն եւ ծառայական բեղուն կեանք ցանկանալով սարկաւագներին եւ ներկայ հաւատացեալներին: